+ ( 374) 96 54 45 50 + (374) 10 54 45 54
Երկ.- Շբթ. 09:00 - 21:00
Օրթոդոնտի
Օրթոդոնտիկ (հունարեն orthos` ուղիղ, odus, odontos`ատամ) բուժման մեթոդները կիրառվում են դիմածնոտային այնպիսի անոմալիաների բուժման համար, որոնք պայմանավորված են ֆունկցիոնալ խախտումներով կամ կոսմետիկ դեֆեկտներով: Դրանց շարքին են դասվում ատամների ձևի, քանակի, կառուցվածքի, դիրքի, կծման ժամկետների, բնածին արատների, աճի և զարգացման խախտումները, ծնոտների դեֆորմացիաները և սխալ դիրքը, ինչպես նաև համակցված անոմալիաները:
Կծվածքը վերին և ստորին ծնոտների ատամնաշարի որոշակի համահարաբերակցությունն է: Գոյություն ունեն կծվածքի ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ձևերը: Քանի որ կծվածքը վերջնականապես ձևավորվում է մոտ 13-14 տարեկանում, մինչ այդ այն բավական դյուրին է «փչացնելը»` ժամանակին չկանխարգելելով: Հետագայում այն, իհարկե, շտկել հնարավոր է, բայց դրա համար առավել լուրջ միջոցներ են պետք լինելու՝ սկսած բրեկետ-համակարգից մինչև ատամնածնոտային վիրահատություններ:
Եթե նախկինում կարծում էին, թե օրթոդոնտիան միայն երեխաների և դեռահասների ատամների համար է, ապա այժմ օրթոդոնտի օգնությանն են դիմում մեծահասակները, նույնիսկ տարեցները, ում մոտ կծվածքը վաղուց արդեն ձևավորված է:
 
 
Բրեկետ-համակարգի տեղադրումը
Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:
Ատամնաշարի վիճակով պայմանավորված՝ բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի, բուժող շերտը մշտապես հսկողության տակ պահելով:
Բրեկետ-համակարգ  օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուտելիս, և բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի հանձնարարականները և ցուցումները կատարելը կօգնի հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:
Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեպքերում`
  • Ատամների միջև արանքների առկայության դեպքում  (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում):
  • Ոչ ճիշտ ծկլթման դեպքում՝ ատամը ձգելու համար:
  • Երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել՝ այդ թվում և ատամի կորստի դեպքում:
 
Բրեկետի տեսակները
  • Մետաղյա,
  • Կերամիկական,
  • Շափյուղե (սապֆիր),
  • Անտեսանելի (Incognito)
Ամենահանրահայտը կերամիկական բրեկետներն են, իսկ մետաղականները պարզապես էժան են: Անտեսանելին ոչ ոք չի նկատի ձեր բերանի խոռոչում, քանի որ դրանք ատամների ներսի մակերեսին են ամրացվում: Իսկ եթե որոշակի պատճառներով հնարավոր չէ Incognito բրեկետները տեղադրել, ապա լավագույն տարբերակը շափյուղե (սապֆիր) բրեկետ տեղադրելն է: Դրանց կոնստրուկցիան կերամիկականից չի տարբերվում՝ բացի կողպեքներից, որոնք պատրաստված են թափանցիկ նյութից և աչքի չեն ընկնում: